Հրատապ թեմա Հայաստանում
Նորածնային սկրինինգ
Մեր երկրում վերջին տարիներին նվազել են թե մայրական, թե մանկական մահացության դեպքերը։ Վիճակագրության համաձայն, նվազման այդ շարունակական միտումը պահպանվում է արդեն մի քանի տարի։
Առողջապահության ոլորտի ներկայացուցիչներն այս երեւույթը պայմանավորում են մի քանի գործոններով, այդ թվում՝ ոլորտում իրականացվող ծրագրային աշխատանքների արդյունավետությամբ։ Հիվանդությունների կանխարգելմանը եւ վաղ հայտնաբերմանն ուղղված ծրագրերը հնարավորություն են տալիս ախտորոշելու այնպիսի հիվանդություններ, որոնց զարգացումը շատ դեպքերում կարող է հանգեցնել հաշմանդամության, երբեմն էլ՝ մահվան։ Այս ծրագրերը սկրինինգներն են, որոնք կիրառվում են զանգվածաբար կամ որոշակի թիրախային խմբերում եւ նպատակ ունեն վաղ հայտնաբերման եւ վաղ միջամտության շնորհիվ կանխել հիվանդության ծանր ընթացքով զարգացումը։ Նորածնային սկրինինգներն ուղղված են բնածին, ժառանգական հիվանդությունների հնարավորինս վաղ ախտորոշմանը, ինչի շնորհիվ հնարավոր է հասնել հիվանդության բուժման կամ ախտաբանական վիճակի շտկման։
Հայաստանում արդեն մի քանի տարի է իրականացվում են նորածնային սկրինինգ ծրագրեր։
Ծննդատանը երեխայի ծնվելուց 24-72 ժամ հետո կրունկից վերցվում է արյան մի քանի կաթիլ եւ ուղարկվում համապատասխան լաբորատորիա։ Ինչպես վստահեցնում են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցները, հիվանդության հաստատման դեպքում եւ հետեւողական բուժման արդյունքում երեխան դառնում է միանգամայն առողջ եւ հասարակության լիիրավ անդամ։
2005թ. Հայաստանում ներդրված առաջին նորածնային սկրինինգը բնածին հիպոթիրեոզի ախտորոշումն է, որը գնալով ընդլայնվել է եւ այժմ ընդգրկում է հանրապետության ողջ տարածքը։ 2005-2013թթ. հիպոթիրեոզի ախտորոշման ուղղությամբ մեր երկրում իրականացվել է 240 000 հետազոտություն, եւ հայտնաբերվել է հիպոթերիոզի 76 դեպք։ Սկրինինգի արդյունքում հայտնաբերված եւ ախտորոշված բոլոր երեխաները ենթարկվում են դիսպանսերային հաշվառման եւ ստանում են համապատասխան բուժում պետական միջոցների հաշվին։
Ինչպես նշեց ԱՆ աշխատակազմի մոր եւ մանկան վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, 76 երեխաները անհրաժեշտ դեղորայքային բուժման արդյունքում արդեն լիովին առողջ են։
Կ. Սարիբեկյանի ներկայացմամբ, այժմ այս հետազոտությունը, գրեթե ամբողջությամբ, իրականացվում է բյուջետային միջոցների հաշվին։ 1 երեխային բաժին ընկնող ծախսն ամսական 3000 դրամ է, ինչը, Կ. Սարիբեկյանի համոզմամբ, շատ արդյունավետ է, քանի որ պետության միջոցները զգալի խնայվում են։ Բնածին հիպոթիրեոզի սկրինինգն իրականացվում է «Արաբկիր» ԲԿ-ի կողմից, որին վերապահված է նորածնային սկրինինգ ծրագրերի համակարգման գործառույթը։ Ի դեպ, մասնագետները հաշվարկել են եւ պարզել, որ բնածին հիպոթիրեոզով ուշ հայտնաբերված հիվանդների տարեկան ծախսը կազմում է 1 միլիարդ 219 միլիոն դրամ, իսկ վաղ հայտնաբերման դեպքում բուժման ծախսը՝ տարեկան 129 միլիոն դրամ։
Ֆենիլկետոնուրիայի սկրինինգը մեր երկրում թեեւ մեկնարկել է 2008-ից, սակայն, ինչպես նշում են ոլորտը համակարգողները, մեր երկրում ավելի վաղ է սկսվել այդ հիվանդությունն ունեցող երեխաների շրջանում համապատասխան սննդի ապահովման գործընթացը։ Այս հիվանդության մասին Հայաստանում քչերն են լսել, բայց այն բավական տարածում ունի կովկասյան տարածաշրջանում։ Ֆենիլկետոնուրիան ժառանգական հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մեջ ֆենիլալանին նյութի բարձր պարունակությամբ՝ ֆենիլալանինի նյութափոխանակությունն ապահովող ֆերմենտների մասնակի կամ ամբողջական բացակայության հետեւանքով։ Եթե հիվանդությունը ժամանակին չի հայտնաբերվում, եւ երեխան չի անցնում ճիշտ սննդակարգի, ֆենիլալանինը չի յուրացվում օրգանիզմում եւ տոքսիկ ազդեցություն է ունենում երեխայի կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով մտավոր հետամնացություն, իսկ տարիների ընթացքում՝ խոր տկարամտություն եւ հաշմանդամություն։
Մասնագետները բացատրում են, որ եթե երեխան ընդունի հատուկ սննդակարգ, որի մեջ բացակայում է ֆենիլալանինը, ապա երեխան կմեծանա միանգամայն առողջ։ Ի դեպ, ֆենիլկետոնուրիայով ծնված երեխաների հատուկ սննդի հարցը նույնպես հոգում է նախարարությունը։ 2008-ից 2013 թթ. ընթացքում հետազոտվել է 111 հազար 270 նորածին, որոնցից հայտնաբերվել է 28 հիվանդ երեխա։ Նրանք վերցվում են դիսպանսերային հաշվառման եւ ստանում թե՛ անվճար բուժօգնություն, թե՛ հատուկ սնունդ։ Եթե նախկինում պետությունը ֆինանսական օգնություն ստանում էր դոնոր կազմակերպություններից, ապա այժմ ծրագրի հիմնական ֆինանսավորումն իրականացվում է պետբյուջեից։ Հատուկ չափորոշիչով սահմանվում է նորածինների բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման ընթացակարգը՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում։
Ինչքանո՞վ է ծրագրերի արդյունավետությունն ապացուցված։ Առողջապահության համակարգի ներկայացուցիչների վստահեցմամբ, դրանց արդյունավետությունը բավականաչափ մեծ է, ու բացի այդ՝ դրանք նաեւ ծախսարդյունավետ են։
Վաղ հայտնաբերված հիվանդությունների բուժմանն ուղղված առողջապահական ծախսերը տասնյակ անգամներ զիջում են նույն հիվանդությունների ուշ հայտնաբերման դեպքում հիվանդի բուժման եւ խնամքի համար կատարվող բժշկական եւ սոցիալական ծախսերին։
ՀՀ ԱՆ մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության, երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանի վստահեցմամբ, ծրագրի եւ բուժման արդյունավետությունն ապացուցված է նրանով, որ նորածնային հասակում ախտորոշված եւ բուժման ենթարկված բնածին հիպոթիրեոզով եւ ֆենիլկետոնուրիայով երեխաների մոտ հաշմանդամություն չի ձեւավորվում, ինչը ուշ հայտնաբերման պարագայում անխուսափելի էր։
Իրականացվող հաջորդ հետազոտությունները՝ կոնքազդրային հոդի, լսողության եւ տեսողության սկրինինգներն են։
Լսողության սկրինինգն իրականացվում է 2008-ից։ Մասնագետները վստահեցնում են, որ վաղ հասակում, մինչ երեխայի խոսքի զարգացումը խլություն հայտնաբերելու, լսողական ապարատով ապահովելու կամ վիրահատություն կատարելու դեպքում հնարավոր է ապահովել երեխայի խոսքի զարգացումը եւ հետագայում սոցիալական ադապտացիան։
Ըստ ԱՀԿ-ի տվյալների, յուրաքանչյուր 1000 երեխայից 1-2 երեխայի մոտ հայտնաբերվում են լսողության խանգարումներ։ Հայաստանում տարեկան ծնվում են 100-120 լսողական խնդիրներով երեխաներ։ Նունե Փաշայանը տեղեկացնում է, որ սկրինինգների մեջ ընդգրկված է նորածինների դեռեւս 22 տոկոսը եւ հանրապետության ոչ բոլոր մարզերում է դեռեւս այն իրականացվում։ Սակայն տարեցտարի սկրինինգում ներգրավված բուժհաստատությունների ցանկը ընդլայնվում է՝ շնորհիվ նաեւ այնպիսի տեղական եւ միջազգային կազմակերպությունների աջակցության, ինչպիսիք են «Հավատ վատ լսող երեխաների» ՀԿ-ն, «Վորլդ Վիժն» կազմակերպությունը, «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամը։ Մինչ օրս հետազոտվել է 34 հազար 643 երեխա, հայտնաբերվել է 26 դեպք, որից 20 երեխա ստացել է լսողական սարք, իսկ 4 երեխայի ականջի խխունջի պատվաստում է արվել։
Բնածին արատներից է նաեւ կուրությունը, որի բացահայտման ուղղությամբ եւս սկրինինգներ են իրականացվում։ Ծրագիրն իրականացվում է «Լույս մանուկների աչքերին» հիմնադրամի աջակցությամբ։ Անհասության ռետինոպաթիայի՝ տեսողության սկրինինգը իրականացվում է արդեն շուրջ 3 տարի։ Տեսողության խնդիրներով երեխաները ենթարկվում են լազերային կանխարգելիչ վիրահատության եւ հետագայում հիվանդության ընթացքը 90% դեպքերում կարող է կանխվել։ Երեխաների առողջության պահպանման բաժնի պետի տեղեկացմամբ, Հայաստանում տարեկան ծնվում են 400-600 անհաս երեխա, որոնք եւ տեսողության նորածնային սկրինինգի հիմնական թիրախային խումբն են հանդիսանում։ 2012-ից սկսած՝ հետազոտվել է 2190 երեխա։ Կուրության կանխարգելման նպատակով 66 երեխա ենթարկվել է լազերային վիրահատության, իսկ 24 երեխայի դեղորայքային բուժում է նշանակվել։ 2014 թ. սեպտեմբերից, ի դեպ, Հայաստանում իրականացվելու են նաեւ լազերային խոռոչային վիրահատություններ՝ անհասության ռետինոպատիայի ավելի ծանր դեպքերի համար։ Նշենք, որ լազերային խոռոչային վիրահատությունները Հայաստանում հնարավոր են դարձել անհրաժեշտ նոր սարքավորումներով՝ հագեցման շնորհիվ։ Նշենք նաեւ, որ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում կատարվել է արդեն առաջին վիրահատությունը։ Այս հարցում իր փորձը հայ կոլեգաներին է փոխանցել Բրիտանիայից ժամանած ու աշխարհում մեծ ճանաչում ունեցող ակնաբույժերից մեկը։ Կենտրոնի աշխատակիցների հավաստմամբ, մեր երկիրը տարածաշրջանում միակն է, որտեղ հնարավոր է իրականացնել նման բարդ վիրահատություն նորածնային շրջանում։
Կոնքազդրային հոդի սկրինինգն իրականացվում է 2010-ից։ Կոնքազդրային հոդախախտը բնածին զարգացման արատ է եւ նշված ախտաբանության ձեւավորմամ մեջ որոշակի դեր ունեն ժառանգականությունը, մեխանիկական, ֆիզիկական եւ քիմիական ամենատարբեր գործոնները։ Այս արատը սովորաբար դիտվում է երեխաների կյանքի առաջին ամիսների ընթացքում եւ վաղ շրջանում հայտնաբերվելու շնորհիվ, բժիշկների հավաստմամբ, համապատասխան միջոցների կիրառման պարագայում այն կարելի է կանխել։ Կոնքազդրի զարգացող/բնածին հոդախախտն ամենահաճախ հանդիպող բնածին ձեւախախտումն է։ Այն աղջիկների մոտ 5-7 անգամ ավելի հաճախ է լինում, քան՝ տղաների։ Մասնագետները հավաստում են, որ այս արատի զարգացման պատճառ կարող է դառնալ նաեւ նորածնին բարուրելը, ուստի նրանց հորդորմամբ՝ բարուրելը խստիվ արգելվում է։ Ծրագիրն իրականացվում է «Ջինիշյան հիշատակի» հիմնադրամի աջակցությամբ։
Առ այսօր հետազոտման է ենթարկվել ավելի քան 8408 երեխա, որից 37-ի մոտ էլ վաղ միջամտության արդյունքում խնդիրը լուծվել է, եւ հետագայում այս երեխաները խուսափել են վիրահատությունից։ Ի դեպ, այս սկրինինգն իրականացվում է սոնոգրաֆիկ հետազոտութան միջոցով։
Նշենք նաեւ, որ այժմ աշխատանքներ են տարվում եւ համապատասխան ուղեցույցներ են մշակվում սրտի արատների ներարգանդային հայտնաբերման ուղղությամբ։
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն